Գիտելիքի օրը բարձունքին

Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ:

Արշավը դեպի Թեղենիս լեռ սկսում ենք Բուժական գյուղից: Թեղենիսի գագաթին կարճատև դադարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Ծաղկունյաց լիճ և իջնում Աղվերան:

ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս, անտառածածկ տեղանքում: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշոր համալիրներից է: Վանքի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դ. 20-ական թթ.: X-XIV դդ. եղել է մշակութային, կրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում գործել են ականավոր գիտնականներ Սարգիս Իմաստասերը (XII դ.), Վանական վարդապետը (XIII դ.), պատմիչ Վարդան Արևելցին (XIII դ.):

Թեղենյաց վանքի հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երկու գավիթներից, դպրատուն-գրատնից, սեղանատնից, փոքր եկեղեցուց (Ս. Աստվածածին):

1979-1989 թթ. պեղվել է վանքի տարածքը (ղեկավար` Գ. Սարգսյան), որի ընթացքում բացված կառույցներն են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, գավթին հյուսիսից հարող շինությունը (գավիթ-մատենադարան), փոքր եկեղեցին:

Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից մոտ 20 մ հեռու կան հողով ծածկված մատուռներ և կացարանների հիմքեր: